Այն մասին, թե ինչպես Աղթամար վանքը փրկվեց ավերումից

Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ www.houshamadyan.org
Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ http://www.houshamadyan.org

Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը թուրք գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ազգությամբ քուրդ Յաշար Քեմալին պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ «հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար»։

Մասնավորապես, Յաշար Քեմալի ավանդը մեծ է հայկական ճարտարապետական գոհարներից մեկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի ավերումից փրկելու գործում:

Թուրքական հանրապետության հիմնադրումից հետո առանց տերերի մնացած հայկական մշակութային ժառանգությունը արդեն նոր պետությունում չունեցավ ապահով գոյություն: Հանրապետության առաջին տարիներից սկսած թուրքական իշխանությունները զանազան պատրվակներով («պետական կարիքների համար») ոչնչացնում էին հայկական վանքերն ու այլ հայկական կառույցներ: Այս քաղաքականության արդյունքում 1915թ. նախօրեին միայն Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող 170 հազար հայկական հուշարձաններից այսօր պահպանվել է միայն 2-3 տոկոսը: Հայկական եկեղեցիների ավերման գործընթացը հատկապես մեծ թափ ստացավ 1950-ականներին Արևմտյան Հայաստանում: Ավերումից բացի կիրառվում էր նաև այլ մոտեցում. հայկական հուշարձանները կամ թողնվում էին անխնամ՝ ենթարկվելով գանձագողերի հարձակումներին (այդ մասին առանձին կպատմենք մեր առաջիկա սյունակներից մեկում): Կամ էլ դրանք իսլամացվում էին՝ դառնալով մզկիթներ:

Քանդման էր ենթակա նաև Աղթամարի վանքը, սակայն վերջին պահին այն հրաշքով փրկվում է: Եւ եթե չլիներ Յաշար Քեմալը, գուցե և մենք զրկված լինեինք այսօր կանգուն տեսնել Սուրբ Խաչը:

Մեր այսօրվա սյունակում առաջին անգամ թարգմանաբար հայերեն ենք ներկայացնում Յաշար Քեմալի ինքնակենսագրական «Յաշար Քեմալը պատմում է իր մասին» գրքից այն հատվածը, որտեղ հեղինակը պատմում է, թե ինչպես ինքը կարողացավ մասնակիցը լինել Սուրբ Խաչի փրկության գործին:

«Յաշար Քեմալը պատմում է իր մասին»
(«Yaşar Kemal kendini anlatıyor», YKY հրատարկչություն, 2004, 66-68 էջեր, թարգմանությունը՝ Վարուժան Գեղամյանի)

           «…Այդ ժամանակ այդ տարածքներ տրակտոր էր եկել, ամեն հողատեր միանգամից մի քանի տրակտոր էր գնել, ու իր մոտ աշխատող հողագործներին հեռացրել էր: Դիարբեքիրի հովտում անհող մնացած ու քոչվոր դարձած ընտանիքները լցրել էի դաշտը և չգիտեին էլ ուր գնալ: Նրանց մասին էլ էի գրել: Ոտքով մի քանի գյուղ շրջելուց հետո Դիարբեքիրում գործս ավարտվեց, և այնտեղից անցա Վան: Կարդալ շարունակությունը

Թուղից շոգենավ նստեցի: Գնում էի Վան: Չգիտեի՝ ուղարկածս նյութերը թերթում հրապարակվել են, թե ոչ: Շոգենավի կառամատույցին նստած էր մի սպա: Ուսադիրներին օձ էր պատկերված: Հասկացա, որ բժիշկ է: Իսկ կողքին էլ մի կապ «Ջումհուրիյեթ»* էր դրված: Երևի քսան հատ: Թերթը բացած կարդում էր, երբ անունս տեսա: Հիմա պատկերացրեք իմ ուրախությունը: Անմիջապես վազեցի բժշկի մոտ ու ոգևորված հարցրի. «Կարո՞ղ եմ նայել Ձեր թերթը, կապիտա՛ն»: Կապիտանը, տեսնելով իմ ոգևորությունը, զարմացավ: Բացատրեցի՝ բանն ինչումն է:

-Դուք Յաշար Քեմալն եք, այնպե՞ս չէ, – ասաց նա:

-Այո՛,- ասացի ես՝ նետվելով թերթերի վրա: Ուղարկածս բոլոր նյութերը հրապարակվել էին «Անատոլիական գրառումներ» վերնագրի տակ: Բոլորը կարդացի:

Կապիտանը կարդացած, ուսյալ մարդ էր: Նա զարմանքով էր նայում իմ ոգևորությանը: Ստիպված էի նրան բացատրել ոգևորությանս պատճառը. եթե գրառումներս չհրատարակվեին, գնալու էի Արճեշի բարեկամներիս մոտ, էնտեղ գրագրությամբ էի զբաղվելու, «Ջումհուրիյեթ»-ին վճարելու էի պարտքս: Ու մեկ էլ ասացի, որ առաջին քայլս եմ արել լրագրության մեջ ու կարծում էի, որ այդ գործն էլ չէի թողնելու:

«Ա՜յ քեզ զուգադիպություն»,- ասաց կապիտանը,- «լավ է, որ Ձեզ հետ հանդիպեցինք: Այստեղ՝ Աղթամար կղզում, հայերից մի եկեղեցի է մնացել: Մի ճարտարապետական գլուխգործոց: Այս օրերին այն քանդում են: Վաղը Ձեզ կտանեմ այնտեղ: Թեկուզ թո՛ղ հայերը այն կառուցած լինեն, միևնույն է, այդ եկեղեցին այս հողերի ստեղծագործություն է: Մարդկության սեփականությունն է, ով ուզում է կառուցած լինի: Ինձ և մեր երկրին կարո՞ղ եք օգտակար լինել»:

-Ես լրիվ նոր լրագրող եմ, ձեռքիցս ինչ կարող է գալ, որ…: – Նաև խուսափում էի, քանի որ եթե խառնվեի նման գործերին, ապա անցյալս ջրի երես դուրս կգար, ու դեռ գործս չսկսած, կավարտեի:

Օրվա երկրորդ կեսին Վանի նավահանգստում իջանք շոգենավից: Կապիտան, վիրաբույժ դոկտոր Ջավիթ Բեյը ինձ տարավ Վանի միակ հյուրանոցը: Բաժանվեցինք հաջորդ օրը հանդիպելու պայմանով:

Առավոտյան շուտ կապիտանը ինձ մոտ եկավ: Գնալու էինք Աղթամար կղզի: Վանի այդ ժամանակվա մեր թղթակիցը Իլյաս Քիթափչըն էր: Վաթսունին մոտ, հասուն և շատ խոհեմ մի անձնավորություն էր նա: Սկզբից կապիտանի հետ գնացինք նրան տեսնելու: Նա ավելի վատ լուրեր հայտնեց եկեղեցու հարցի մասին. արել էր ձեռքից եկածն ու չեկածը, բայց ոչ մի կերպ չէր կարողացել կասեցնել եկեղեցու քանդումը: Նահանգապետն էլ շատ լավ, բանաստեղծ մարդ է, սակայն հրաման էր ստացել ու ոչ մի բան չէր կարողացել անել:

Իլյաս բեյը ինձ մի միտք առաջարկեց.

-Զանգենք Նադիր Նադիին, նա մեզ կհասկանա: Եթե ինչ-որ մեկը կարող է քանդման դեմն առնել, ապա դա Նադիր բեյն է: Արի զանգենք Նադիր բեյին ու բացատրենք խնդիրքը:

-Բարի,- ասացի ես:

Բժիշկի հետ միասին ճանապարհվեցինք դեպի Աղթամար կղզի: Վանա լիճն էլ կախարդական ջրեր ուներ, ամեն ակնթարթ ջրի գույնը փոխվում էր: Փոքրիկ մակույկով դուրս եկանք կղզի: Եկեղեցուն հերթը դեռ չէր հասել, արդեն գրեթե ավերել էին եկեղեցու կողքի փոքրիկ մատուռը:

-Մինչև իմ գալը այս եկեղեցուն քլունգի մի հարված էլ չեք անելու: Ես գնում եմ նահանգապետի մոտ,- հրամայեց կապիտանը:

-Լսում եմ, հրամանատա՛ր,-ասաց բանվորների ղեկավարը:

Եկանք Վան: Զանգահարեցինք «Ջումհուրիյեթ»: Այդ օրը մինչև երեկո սպասեցինք, հեռախոսին չէին պատասխանում: Հաջորդ օրը կանուխ նորից զանգեցինք թերթին: Մի քանի ժամ անց Նադիր բեյը հեռախոսագծի հակառակ ծայրին էր: Նրան պատմեցի դեպքի մասին՝ այնքան, որքանով տեղեկացել էի կապիտանից: Նադիր բեյն ասաց.

-Մի՛ տխրեք: Ավնի բեյը այս հարցը կլուծի: Նրան լավ եմ ճանաչում, քաղաքակիրթ անձնավորություն է: – Այդ տարի Ավնի Բաշմանը ազգային կրթության նախարարն էր:

Երկու օր հետո Իլյաս Քիթափչըն կապիտան, վիրաբույժ դոկտոր Ջավիթ բեյի հետ եկան իմ հյուրանոց: Ուրախ էին: Ավնի Բաշմանը նահանգապետին հեռագրել էր դադարեցնել քանդումը:

Աղթամարա վանքի փրկության օրը 1951թ. հունիսի 25-ն էր»:

* «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) – թուրքական ազդեցիկ շաբաթաթերթ

Համառոտ գրականություն.
«Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների վիճակը 1915թ.-ից ի վեր», Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
«Թուրքիայում հայկական հուշարձանների պահպանության շուրջ», Մելքոնյան Ռ.

Վարուժան Գեղամյան
ասպիրանտ,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան

Թարգմանության .pdf ձևաչափով տե՛ս այստեղ:

Advertisements

3 comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s