Բուն TV | Ավանդականությունը Արևմուտք-Արևելք հակադրության մեջ

Ժամանակակից աշխարհում անընդհատ խոսվում է Արևմուտք-Արևելք հակասությունների մասին: Այս դիխոտոմիան կարելի է հանդիպել լրահոսում, այն հաճախ է կիրառվում քաղաքագիտության մեջ, ինչի հետևանքով թափանցել է հանրության բոլոր շերտեր և ոլորտներ: Այս երկու համակարգերի միջև տարբերությունները հիմնականում կապվում են Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: Արևմուտքը հաճախ որակվում է օրինակելի և դրական, իսկ Արևելքը՝ հետամնաց, երբեմն զարգացմանը ձգտող հանրություն, հաճախ՝ բացասական երանգով:
Արևմուտքի զարգացման երաշխիքն է համարվում մոտ մեկ հազարամյակ շարունակվող պատերազմների և հեղաշրջումների ներքո անցած զարգացումը, որն, ի վերջո, բերեց հասարակության մեջ ինդիվիդուալիզմի առաջացմանը: Անհատական շահով ուղղորդվող արևմտյան մարդու համար անհրաժեշտ էին նոր տեսակի իրավական, տնտեսական, գիտական, կրթական համակարգեր, որոնք պիտի հիմնված լինեին ռացիոնալիստական սկզբունքների վրա: Ի տարբերություն այս մոդելին, Արևելքում փոփոխությունները, որպես կանոն, պարտադրված էին կա՛մ տեղական վերնախավերի, կա՛մ արևմտյան գաղութարարների կողմից:
Երկրորդ աշխարհամարտից հետո արևելյան երկրներում չհաջողվեցին այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեին դրանք Արևմուտքին: Որոշ դեպքերում ստեղծվեցին ժողովրդավարական ինստիտուտներ, սակայն «մակերևույթից ներքև» աշխատում էին պատմական Արևելքին բնորոշ սոցիալական հարաբերությունները: Այս հանգամանքով էր պայմանավորված այսպես կոչված «ավանդույթի իշխանության» պարտադրված կիրառումը: Հասարակական ինստիտուտների և հասարակության ներքին սոցիալ-մշակութային կապերի միջև հակասություններից խուսափելու համար արևելյան կառավարությունները որդեգրեցին ավանդական կառավարման որոշ ձևեր: Այս մեխանիզմները հիմնված էին պատմական միֆի ստեղծման, կառավարման հիերարխիկ մոդելի օգտագործման, էթնիկական նոր ինքնությունների ստեղծման և այլն: Հատկապես կարևոր մեխանիզմ է ուժեղ, խարիզմատիկ առաջնորդի ինստիտուտի առկայությունը: Այդպիսի առաջնորդի խարիզման հաճախ լինում է հատուկ «կառուցված», մշակված, որպեսզի համապատասխանի Արևելքին հատուկ կառավարման ավանդական ձևերին: Հզոր առաջնորդի հետ է կապված դոմինանտ իդեոլոգիայի առկայությունը և հասարակական սոլիդարիզացիան:
Խարիզմատիկ առաջնորդի կերպարի կառուցման համար օգտագործվող հնարքները կարելի է բաժանել երեք պայմանական մասի՝ վերբալ, վիզուալ և խաղարկային դրսևորումներով: Խարիզմատիկ առաջնորդի վերջին կարևոր հատկանիշը ժառանգորդի առկայությունն է: Ժառանգորդն ընդունում է առաջնորդի հատկանիշներից որոշները՝ ստանալով դոմինանտ իդեոլոգիային տիրապետելու հնարավորությունները:
Խարզիմատիկ առաջնորդությունը առկա է գրեթե բոլոր հասարակություններում, սակայն եթե Արևելքում խարիզմատիկ առաջնորդը գտնվում է իշխանական դիսկուրսի կենտրոնում, ապա Արևմուտքում նա հաճախ հայտնվում է պերիֆերիայում՝ ծայրամասում:

աղբյուրը

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s