Աբդուլհամիդի վերածնունդը

Սյունակը հրապարակվել է Arevelk.am պարբերականում։

0

Պատմության խմբագիրները

Պատմական ռևիզիոնիզմը[1] ցանկացած քաղաքական վարչակարգի համար կարևոր գործիք է, որը պետք է ապահովի հաստատված ռեժիմի լեգիտիմությունը և վարած քաղաքականությունը։ Այս պնդումը էլ ավելի տեղին և արդիական է, երբ խոսքը վերաբերում է ավտորիտար, ամբողջատիրական քաղաքական համակարգերին, որտեղ հասարակական համերաշխությունը և իշխանություն-հասարակություն կապը ապահովելու համար պատմությունը մշտապես խմբագրվում ու վերախմբագրվում է։ Որպես կանոն, անցյալի դեմքերն ու դեպքերը զոհաբերվում են ներկա քաղաքական կարիքներին։

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր Թուրքիայում առկա էր պարարտ հող՝ պատմական ռևիզիոնիզմի համար։ Սկզբից քեմալական վերնախավը խմբագրեց ու ներկայացրեց Օսմանյան կայսրության պատմության իր տարբերակը՝ գրեթե ամբողջական մոռացության մատնելով այդ մեծ ժամանակահատվածի մի քանի փուլեր։

Այնուհետև վերաշարադրվեց նաև 1918 թվականից սկսված քեմալական շարժման պատմությունը. 1927թ. Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը իր կուսակիցներին ներկայացրեց հայտնի «Ճառը» («Nutuk»)։ Այս տեքստը, որը Աթաթյուրքը ընթերցեց չորս օր անդադար, Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը միանձնյա վերագրում էր Մուսթաֆա Քեմալի «հանճարին», իսկ նրա նախկին զինակից, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներին «նետում էր» պատմության լուսանցիք դուրս և մեղադրում քաղաքական զանազան դավաճանությունների և սխալների մեջ։ «Ճառը» Աթաթյուրքի միանձնյա իշխանության հաստատման «հռչակագիրն ու հիմնավորումն» էր։ Աթաթյուրքյան այս պատմությունը տարբեր չափով պահպանել է իր քաղաքական ազդեցությունը մինչ օրս։

Թուրքիայում պատմության վերախմբագրման նոր փուլ սկսվեց 1990-ականներին, երբ թուրքական հասարակական-քաղաքական կյանքը որոշակի ազատականացում ապրեց։ Օսմանյան կայսրության վերջին շրջանի և Թուրքիայի Հանրապետության պատմության մասին նոր հայացքով սկսեցին գրել հատկապես արևմտյան գիտական կենտրոններում կրթություն ստացած թուրք երիտասարդները, որոնք խիզախեցին մարտահրավեր նետել միակ ճիշտ համարվող քեմալական պատմագրությանը։ Իմիջիայլոց, պետք է նշել, որ վերոնշյալ երիտասարդ պատմաբանների քննադատական ուսումնասիրությունների համար խիստ կարևոր նշանակություն ուներ հատկապես հայկական թեման, որը ծառայում էր որպես յուրատեսակ բանալի անցյալի դեպքերի վերաշարադրման գործի մեջ մտնելու համար։

«Նոր Թուրքիայի» պատմագրությունը

Թուրքիայում պատմության վերաշարադրման հերթական՝ նորագույն փուլը մեկնարկել է համեմատաբար վերջերս։ Դրա նախաձեռնողը, ինչպես որ կարելի է կռահել, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն է և անձամբ նախագահ Էրդողանը, որոնք, ինչպես որ այլ ոլորտներում, այստեղ ևս ստանձնել են միանձյա թելադրողի դեր։ Օսմանյան և հանրապետական պատմության տարբեր էպիզոդներ մեկնաբանվում են Թուրքիայի ներկայիս քաղաքական օրակարգի տեսանկյունից։ Ընդ որում, պատմության վերախմբագրման գործում ներգրավված են ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետները, այլև ավելի շատ մամուլն ու իշխանամերձ մտավորական կամ կիսամտավորական շրջանակները։

Պատերազմը Իրաքում և Սիրիայում, թուրք-քրդական հակամարտության սրացումը, զինվորական հեղաշրջման 2016թ. փորձը, ահաբեկչությունները, արտակարգ դրության ռեժիմը և այլ իրադարձությունները մշտական համեմատության մեջ են դրվում անցյալի տարբեր փուլերի հետ։ Այս համեմատությունները արվում են՝ ելնելով ստորև ներկայացված պնդումից. Թուրքիան հզորացող աշխարհաքաղաքական ուժ է՝ «Նոր Թուրքիա» (Yeni Türkiye), որը պայքարում է արևմտյան քրիստոնյա գերտերությունների հետ այն պատճառով, որ վերջիններս բոլոր հնարավոր ձևերով խոչնդոտում են իսլամական Թուրքիայի հզորացմանը։ Այս տրամաբանությամբ է կառուցվում նոր գերակա պատմական նարատիվը (narrative), որի կենտրոնում գտնվում է Էրդողանը՝ որպես «Նոր Թուրքիայի» ճարտարապետ և երկիրը փրկելու կարող միակ անձնավորություն։ «Նոր Թուրքիայի» պատմության խմբագրման մի օրինակի ես արդեն հակիրճ անդրադարձել եմ իմ նախորդ սյունակներից մեկում, սակայն այսօր հատուկ ուզում եմ խոսել պատմական այն կերպարի մասին, որը առանցքային դեր է խաղում մերօրյա պատմական քննարկումներում և ում մասին գրվում է բոլորովին նոր պատմություն։

1

«Derin Tarih» ամսագրի շապիկը

Մոռացված սուլթանը

2016 թվականի սեպտեմբերի 22-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատում մի գիտաժողովի բացման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմաիլ Քահրամանն ասաց. «Նա կողմնացույց է մեզ համար, ով ուղղորդում է մեզ և լուսավորում մեր ապագան»։ Այս խոսքերը վերաբերում են Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին (իշխել է 1876-1909թթ.), իսկ միջազգային գիտաժողովը նվիրված էր սուլթանի ծննդյան 174-րդ ամյակին։ Հայ ընթերցողը այս սուլթանին գիտի որպես Հայոց ցեղասպանությանը նախորդած հայկական զանգվածային ջարդերի հեղինակի։ Եվրոպայում նույնպես Աբդուլ Համիդը վատ համբավ ուներ, ինչի համար ստացել էր «կարմիր սուլթան» մականունը։ Սակայն Թուրքիայում Աբդուլ Համիդը բոլորովին այլ նշանակություն ունի։ 20-րդ դարում վերջինս իսլամական պահպանողական շրջանակների համար սրբազնային կերպար էր. նա ներկայցվում էր որպես իսկական մուսուլման, արժանի խալիֆ և մուսուլմանների պաշտպան։ Կրոնամոլ շրջանակների համար նա Աթաթյուրքի յուրատեսակ այլընտրանքն էր։ Ըստ այդմ՝ պատահական չէ, որ նույն շրջանակներից ծագած էրդողանական իշխող վերնախավը այդքան սիրում է Աբդուլ Համիդին և նրան դարձնում հասարակական համախմբան կարևորագույն կերպար։

2

Պաստառում պատկերված են Ն. Էրբաքանը (քաղաքական իսլամի հիմնադիրը հանրապետական Թուրքիայում), սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Ռ.Թ. Էրդողանը

Սակայն նոր թուրքական դիսկուրսում Աբդուլ Համիդը ոչ միայն անցյալի կուռք է, այլ «Նոր Թուրքիայի» իրական գաղափարական հայր, որի համար վերջինիս գահընկեց արեցին ներքին և արտաքին թշնամիները։ Այս առումով պատկերավոր է խիստ մերիշխանական կողմնորոշում ունեցող «Խորքային պատմություն» (Derin Tarih) գիտահանրամատչելի ամսագրի 2016թ. հուլիսյան խմբագրականը, որը վերնագրված էր այսպես. «Աբդուլ Համիդի դիմադրությունը Նոր Թուրքիայի վերածնունդն է»։ Խմբագրականում նշվում էր, որ Էրդողանը միայն շարունակում է խաղալ այն պատմական դերը և բախվում է նույն մարտահրավերներին, ինչ Աբդուլ Համիդ 2-րդը. «Նրանց արտաքին քաղաքական ռազմավարությունը, ստեղծած առողջապահական և կրթական ծառայությունները, նրանց պայքարը արտաքին ուժերի դեմ և նրանց դեմ իրականացված դավադրությունները» ըստ էության նույնն են. ասված էր խմբագրականում։ Մոտավորապես նույն մտքերն է շարադրում ինքը Էրդողանը։ Անցնող փետրվարին սուլթանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ (որը նշվեց մեծ շուքով) իր ելույթներից մեկում Էրդողանը հայտարարեց. «Վերջին 150 տարում Աբդուլ Համիդը ամենակարևոր, ամենահեռատես և ամենառազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկն է»։ Աբդուլ Համիդի կենսագրությունից վերցված պատառիկները առանց համապատասխան համատեքստի ներկայացվում են հանրությանը և դրանով նպաստում Էրդողանի անձի պաշտամունքի ուժեղացմանը՝ վերջինիս ներկայացնելով որպես Աբդուլ Համիդի իրական հետևորդ։ Երբեմն այդ նոր մեկնաբանությունները այնքան են կտրված լինում իրականությունից, որ երբ իրական գիտական քննարկումներ են ծավալվում ու քննարկվում են սուլթանի կյանքի առանձին դրվագներ, Աբդուլ Համիդի նորօրյա երկրպագուներից շատերը ապշում են։ Օրինակ, երբ վերոնշյալ գիտաժողովի ժամանակ գիտնականներից մեկը նշեց, որ Աբդուլ Համիդը սիրում էր արևմտյան երաժշտություն, ներկա երիտասարդներից ոմանք ընդդիմացան՝ նշելով, որ «բայց մենք կարծում էինք, թե նա կրոնապաշտ է»։ Ավելի լուրջ անհամապատասխանություններից է այն, որ Աբդուլ Համիդը ներկայացվում է որպես հակաիմպերիալիստ (մինչդեռ նա կայսրության ուժեղացման կողմանկից էր), ժողովրդավար (թեև 1878թ. ցրեց Օսմանյան խորհրդարանը) և այլն։ Ստացվում է, որ Աբդուլ Համիդը և էրդողանական «Աբդուլ Համիդը» բոլորովին տարբեր կերպարներ են։

Սակայն դա չի խանգարում, որ շարունակվեն Էրդողանի համեմատությունները Աբդուլ Համիդի հետ։ Այսպես օրինակ, թուրքական իշխանությունների համար արտասահմանյան լոբբինգն իրականացնող հիմնական կառույցներից մեկը՝ թուրքական «BOSPHORUS GLOBAL» ընկերությունը դեռևս 2016թ. պատրաստել է հատուկ կայք (ենթադրում եմ, որ պետության տրամադրած ֆինանսներով), որը նվիրված է Աբդուլ Համիդի և Էրդողանի միջև նմանություններին, որտեղ, օրինակ, Աբդուլ Համիդի դեմ իրականացված հեղաշրջումը (Çırağan baskı) համեմատվում է 2016թ. զինվորական հեղաշրջման փորձի հետ։ Նմանատիպ նախագծերը բազմաթիվ են, որոնցից ամենահիշարժանը, թերևս, Թուրքական պետական հեռուստատեսությամբ (TRT) հեռարձակվող «Մայրաքաղաք. Աբդուլ Համիդ» հեռուստասերիալն է։

Մերձիշխանական «Yeni Şafak» պարբերականի պատրաստած տեսանյութը, որտեղ ներկայացվում են Աբդուլ Համիդի և Էրդողանի նմանությունները

Էրդողանի համար Աբդուլ Համիդ սուլթանի «վերածնունդը» կարևոր է նաև նրանով, որ վերջինս յուրատեսակ արդարացում է Էրդողանի բռնապետական քաղաքական գործելաոճի համար։ Հայտնի է, որ Աբդուլ Համիդը ստեղծել էր «ոստիկանական պետություն», որտեղ սուլթանը միանձյա որոշումներ էր կայացնում՝ հիմնվելով իր վախերի և ենթադրությունների վրա։ Էրդողանը այս պահին նույն ճանապարհին է։ Հետաքրքրական է այս առիթով Էրդողանի 2015թ. արտահայտած հետևյալ միտքը. ««Նյու Յորք Թայմսը» մի անգամ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդին կոչել է «բացարձակ միապետ»։ Եւ այսօր այդ թերթը դեպի Թուրքիա է ուղղում այն նույն ատելությունը, որն ուղղում էր դեպի Օսմանյան պետությունը»։

3Էրդողանի և Աբդուլ Համիդի քաղաքական գործունեության մեջ իսկապես կան բազմաթիվ նմանություններ (ժողովրդավարության անկում, իսլամի՝ որպես գաղափարախոսության ուժեղացում, ոստիկանապետություն, փոքրամասնությունների հանդեպ ուժի կիրառում և այլն)։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինպիսի ճակատագիր կունենա Էրդողանը։ Հենց իր իսկ խոսքում Էրդողանը պնդում է. «Աբդուլ Համիդին հասկանալ կնշանակի հասկանալ ամեն բան» (այստեղ նա մեջբերում է թուրք իսլամիստ Նեջիփ Ֆազըլ Քըսաքյուրեքի հայտնի խոսքերը)։ Իսկ ինչպե՞ս հասկանալ Էրդողանին։

[1] որևէ տեսություն՝ ուսմունք և այլն վերանայելու՝ հիմնովին վերափոխելու ձգտում՝ գործունեություն

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s