«Հինգերորդ իշխանությունը»

Սյունակը հրապարակվել է Arevelk.am պարբերականում։

Թուրքիայի Գյումյուշհանե նահանգում ծնված և մեծացած գործարար Այդըն Դողանը (Aydın Doğan) 1979թ. գնեց հայտնի «Միլլիյեթ» (Milliyet) թուրքական օրաթերթը և այդպիսով մուտք գործեց թուրքական մեդիա ասպարեզ։ Տարիների ընթացքում Դողանը դարձավ թուրքիայի խոշորագույն մեդիա ընկերության՝ «Դողան Հոլդինգի» (Doğan Holding) միլիարդատեր սեփականատերը։ Նրա ղեկավարած ընկերությանն էին պատկանում հեղինակավոր Hürriyet, Posta, Fanatik պարբերականները, CNN Türk, Kanal D հեռուստալիքներ, Doğan Haber Ajansı լրատվական գործակալությունը և ևս մի քանի տասնյակ մեդիա ընկերություններ, որոնք Այդըն Դողանին դարձնում էին Թուրքիայի ամենաազդեցիկ գործարարներից մեկը։

1

Գործարար Այդըն Դողանը

Սակայն մի քանի օր առաջ՝ 2018թ. մարտի 22-ին Դողանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ ասվում էր. «Արդեն 80-ն անց եմ։ Այս փուլում իմ ցանկությամբ որոշեցի վերջակետ դնել հրատարակչական գործիս»։ Այս ուշացած հայտարարությունը հաստատեց մինչ այդ շուրջ մեկ շաբաթ Թուրքիայում օրակարգային գլխավոր թեմայի իսկությունը. Պարոն Դողանը վաճառում է իր մեդիա կայսրությունը 1.1 մլրդ ԱՄՆ դոլարով։ Այս իրադարձությունը շատ կարևոր հանգրվան է Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ մի քանի պատճառներով, որոնք էլ կփորձեմ ներկայացնել այս սյունակիս շրջանակներում։

Լրագրողական ընտանիքներից դեպի բիզնես հոլդինգներ

Առաջին հայացքից կարող է թվալ, թե վերոնշյալ իրադարձությունը պետք է գլխավորապես հետաքրքիր լիներ Թուրքիայի տնտեսությունը մեկնաբանող վերլուծաբաններին՝ որպես խոշոր բիզնես գործարք։ Մինչդեռ «Դողան» մեդիա հոլդինգի վաճառքը ունի խիստ կարևոր նշանակություն. այն անմիջապես ազդելու է թուրքական քաղաքական և սոցիալ-մշակութային որոշ տեղաշարժերի համար։

Նախ և առաջ մի քանի խոսքով ներկայացնեմ այն վիճակը, որը տիրում էր թուրքական մեդիա դաշտում վերջին տարիներին։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում զանգավածային մամուլը գլխավորապես պատկանում է խոշոր բիզնես խմբերին։ Դրանցից շատերը իրենց մեդիա գործունեությունը սկսել էին դեռևս 1980-ականներին, երբ 1980թ. զինվորական հեղաշրջումից հետո զինվորական ղեկավարության և վարչապետ Թ. Օզալի միջամտությամբ մեդիան անցավ նեոլիբերալ տնտեսության ներկայացուցիչների ձեռքը։ Ժամանակի խոշոր գործարարները (որոնց թվում էր Այդըն Դողանը) սկսեցին գնել թերթերն ու կոմերցիոն հեռուստալիքները։ Սակայն նրանց նպատակը ոչ թե եկամուտ ապահովելն էր, այլ մեդիայի միջոցով իշխանություններից ստանալ որոշակի հովանավորչություն՝ այդպիսով ապահովելով իրենց հիմնական բիզնես գործունեության անխափան զարգացումը։ Այդ հովանավոչությունը ենթադրում էր իրենց սատարող իշխանական ուժի դրական լուսաբանում մամուլում և քննադատության նվազեցում կամ լռեցում։ Սա շրջադարձային կետ էր թուրքական մեդիայի պատմության մեջ. նախկինում թուրքական մեդիան գտնվում էր այսպես կոչված «լրագրողական ընտանիքների» ձեռքում, որոնք չնայած նույնպես կապված էին իշխանությունների կամ որևէ այլ ուժային կենտրոնի հետ, սակայն ունեին որոշակի լրագրողական հետագիծ և մասնագիտական հմտություններ (այդպիսի հայտնի ընտանիք էին Նադիները, որոնք տնօրինում էին 1930-1940-ականների գլխավոր թերթերից մեկը՝ «Ջումհուրիյեթը» (Cumhuriyet))։ Այնուամենայնիվ, շեշտադրում կատարելով սենսացիոն բնույթի լրատվության և սյունակագրությա վրա՝ թուրքական նոր մեդիա ընկերությունները կարողացան հսկայական տնտեսական եկամուտներ ստանալ։ Այս ամբողջ ընթացքում մամուլի համար գործում էին «կարմիր գծեր», որոնք հատել չէր կարելի և ոչ մի դեպքում։ Մամուլում հազվադեպ դարձան լրագրողական անկախ հետաքննությունները։

Ահա այսպիսի միջավայրում էր զարգանում նոր թուրքական մեդիան, երբ 2002թ. իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ)։ Սկզբնական փուլում Էրդողանը և իր թիմակիցները հենվում էին Ֆ. Գյուլենի մեդիա ցանցի վրա և բավական հաջող քարոզում էին իրենց տեսլականները։ Պատահական չէ, որ այդ ժամանակ Թուրքիայում ամենամեծ տպաքանակ ունեցող պարբերականը գյուլենականներին պատկանող «Զաման» (Zaman) օրաթերթն էր, որը իշխանության գլխավոր խոսափողն էր (ինչպես հայտնի է, «Զամանը» փակվեց գյուլենականների դեմ սկսված արշավի շրջանակներում)։ Սակայն երբ 2010-ականներից Էրդողանը և ԱԶԿ-ն ուժեղացրին իրենց ավտորիտար նկրտումները և բացահայտ սկսեցին հանդես գալ որպես միանձնյա իշխանություն, թուրքական մամուլը հայտնվեց Էրդողանի թիրախում։ Մեդիա ռեսուրսները աստիճանաբար սկսեցին անցնել այն բիզնես ընկերություններին, որոնք մոտ հարաբերություններ ունեին Էրդողանի և իր թիմակիցների հետ։ Տարիների ընթացքում Էրդողանը կարողացավ իր ուղղակի և անուղղակի վերահսկողության տակ վերցնել թուրքական ԶԼՄ-ների 2/3-ը։ Ընդ որում այդ վերահսկողությունը ենթադրում էր ոչ միայն նախկինում ընդդիմադիր պարբերականների խմբագրական քաղաքականության փոփոխություն, այլև անցանկալի ու անվերահսկելի լրագրողների, խմբագիրների լռեցում, ազատազրկում, բռնագաղթ, պարբերականների փակում։ Այս միջավայրը խստացավ 2013 թվականից հետո, երբ գյուլենականների հետ սկսված հակամարտության արդյունքում գյուլենական ամբողջ մեդիացանցը անցավ իշխանություններին, և սաստկացավ 2016թ. զինվորական հեղաշրջման փորձից հետո սկսված արտակարգ ռեժիմի պայմաններում (համաձայն TurkeyPurge.com-ի տվյալների՝ 2016-2018թթ. փակվել է 189 մեդիա ռեսուրս, ձերբակալվել՝ ավելի քան 300 լրագրող)։

Դողանից՝ Էրդողան

Այս պայմաններում շարունակում էր գործել «Դողան հոլդինգը», որը ոչ միայն փորձում էր պահպանել իր տեղը որպես խոշորագույն թուրքական մեդիաընկերություն, այլ ապահովել համեմատաբար անկախ ու չեզոք լրագրություն՝ հասարակության շարունակական բևեռացման պայմաններում։ Դողանի հենց այս քաղաքականության պատճառով էլ իշխանությունները սկսեցին բազմաթիվ ճնշումներ գործադրել հոլդինգի և դրա սեփականատիրոջ վրա՝ ստիպելով դառնալ իշխանության հետաքրքրությունները սպասարկող ռեսուրս։ Սկսված հարկային հետապնդումներից, հարձակումներից և այլ ճնշումներից հետո 2011 թվականին Այդըն Դողանը սկզբում որոշեց «Դեմիրօրեն» (Demirören) բիզնես ընտանիքին վաճառել թուրքական երկու ընդդիմադիր պարբերական՝ Milliyet-ը և Vatan-ը։ Վերջիններս նոր սեփականատերերի կարգադրությամբ շատ արագ դադարեցին որևէ քննադատության ենթարկել իշխանություններին և նրանց վարած քաղաքականությունը։ 2016 թվականի մարտին փակվեց Դողանին պատկանող ամենախիստ ընդդիմադիր «Ռադիքալ» (Radikal) պարբերականը, որը հուշեց, որ մեդիա ոլորտում 40 տարվա փորձառությամբ գործարարի գլխին կուտակված մութ ամպերը դեռ չեն ցրվել։ Իսկ այդ իրադարձություններից ուղիղ երկու տարի անց կնքվեց այն գործարքը, որը մեր այս սյունակը գրելու հիմնական պատճառը հանդիսացավ։

Ինչպես նշեցինք, «Դողան» մեդիա հոլդինգը գնել է Էրդողան Դեմիրօրենը, ով Էրդողանի մտերիմներից է և վայելում է վերջինիս հովանավորչությունն ու ազդեցությունը։ Փաստորեն, մեդիա ընկերությունը անցավ Դողանից Էրդողանին՝ բայց ոչ թե Դեմիրօրեն, այլ Ռեջեփ Թայիփ։

2

Գործարար Էրդողան Դեմիօրենը (ձախում) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (աջում)

Չորրորդ իշխանության պատրանքը

Ի՞նչ փոփոխություններ կհետևեն այս իրադարձությանը թուրքիայի քաղաքական և հասարակական կյանքում։ Հերթականությամբ առանձնացնենք դրանցից ամենաառանցքայինները։

  • Թուրքիայի խոշորագույն անկախ պարբերականը՝ Hürriyet-ը և ամենամեծ լսարան ունեցող անկախ լրատվական հեռուստաալիքը՝ CNN Türk-ը այժմ գտնվում են Էրդողանի անուղղակի վերահսկողության ներքո։ Սա անմիջապես չի ենթադրում, որ այս երկուսը կդառնան «Սաբահ» (Sabah)-ի նման ԶԼՄ-ներ (Sabah-ը ԱԶԿ իշխանության համար այժմ նույն դերն է կատարում, ինչ ԽՍՀՄ-ում «Պրավդա» թերթը. կարելի է ասել, որ այն վերածվել է թուրքական իշխանությունները հիմնական խոսափողի։)։ Ընդհակառակը, քանի որ վերջիններիս լսարանը կազմում է գերազանցապես հենց այն ընտրազանգվածը, որը չի սատարում Էրդողանին, ապա իշխանությունները հնարավորություն են ստանում վերահսկել վերջիններիս ուղղված լրատվական հոսքը, ինչպես նաև ցանկության դեպքում նրանց հասցնել իշխանության ցանկալի ուղերձները։
  • Բոլորովին այլ ճակատագիր է սպասվում «Դողան Հոլդինգի» մաս կազմող անգլալեզու «Hurriyet Daily News» պարբերականին, որը աշխարհում Թուրքիայի մասին տեղեկատվության գլխավոր աղբյուրն է։ Ամենայն հավանականությամբ, այն կսկսի անգլերենով ներկայացնել միայն այն, ինչ կցանկանան արտասահմանյան լսարանին մատուցել իշխանությունները։ Հաշվի առնելով առկա այլ մեդիասահմանափակումները՝ անգլալեզու լսարանի համար Թուրքիայի մասին քիչ թե շատ չեզոք, այլընտրանքային տեղեկատվություն ստանալը էլ ավելի կբարդանա։
  • Հաջորդ կարևոր փոփոխությունը կապված է «Դողան հոլդինգի» մեջ մտնող մյուս ռեսուրսի՝ «Դողան լրատվական գործակալության» (Doğan Haber Ajansı) հետ։ Այն լրագրողների իր ցանցով համեմատելի էր պետական «Անադոլու» գործակալության (Anadolu Ajansı) հետ և ինչ-որ առումով Թուրքիայի գավառներում կատարվող իրադարձությունները լուսաբանելու տեսանկյունից «Անադոլուի» միակ այլընտրանքն էր։ Գործակալության ձեռքբերումը մերձիշխանական շրջանակների կողմից հատկապես նկատելի հետևանք կունենա առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ։ Փաստացի, բացի «Անադոլուից», այլևս ոչ մի գործակալություն զուտ տեխնիկապես հնարավորություն չի ունենա լուսաբանելու քվեների հաշվարկը, քանի որ չունի այն ծավալներն ու հզորությունները, որոնք անհրաժեշտ են երկրի ողջ տարածքում իրադարձություններին հետևելու համար։
  • «Դողան Հոլդինգի» մի մաս էր կազմում նաև Yaysat ընկերությունը, որը Turkuvaz ընկերության հետ միասին իրականացնում էր Թուրքիայի տարածքում տպագիր մամուլի բաշխումը։ Turkuvaz-ը պատկանում է վերոնշյալ Sabah-ի սեփականատերերին։ Նոր իրադրության պայմաններում իշխանությունները հնարավորություն ունեն վերահսկելու տպագիր մամուլի բաշխումը, քանի որ ցանկացած պահի արդեն իսկ տպագրված թերթը պարզապես կարող է չտարածվել, կամ էլ այնքան բարձր գին սահմանվել, ինչը ձեռնատու չի լինի թերթ և ամսագիր հրատարակողին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ այն պարբերականները, որոնք քիչ տպաքանակ կունենան, ավելի քիչ ֆինանսական օժանդակություն կստանան Թուրքիայի պետական «Մամուլի և հայտարարությունների միության» կողմից, որը կոչված է աջակցելու ազատ մամուլի գործունեությանը Թուրքիայում։
  • Ստեղծված պայմաններում մեծ ազդեցություն են սկսում հավաքել այն լրատվական ռեսուրսները, որոնք գործում են համացանցում և հովանավորվում են իրենց ընթերցողների կողմից՝ այդպիսով ունենալով համեմատական անկախություն (այս թեմային կանդրադառնանք մեր առաջիկա սյունակներից մեկում)։

3Ռ. Թ. Էրդողանը և Այդըն Դողանը

Հաշվի առնելով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ սպասվող կարևորագույն իրադարձություննները՝ անկախ մամուլի սահմանափումը կարևոր ձեռքբերում է Էրդողանի և ԱԶԿ բացարձակ իշխանության ամրապնդման համար։ Եթե պատկերավոր ասենք, ապա իշխանությունների դավանած «Ռաբիայի» գաղափարախոսության չորս հենասյուներին («Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն») գումարվեց հինգերորդը՝ «Մեկ մեդիա»-ն, իսկ «չորրորդ իշխանությունը» կրեց հերթական պարտությունը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s