«Խորհրդային Թուրքիան»

Սյունակը հրապարակվել է Arevelk.am պարբերականում։

1Վերջին շրջանում Թուրքիայում և Թուրքիայի շուրջ կատարվող իրադարձություններին հետևելիս ինձ մոտ առաջանում է յուրահատուկ դեժավյուի զգացողություն։ Սակայն պարադոքսալն այն է, որ եղած-կատարվածը ես համեմատում եմ մի բանի հետ, որին անձամբ ականատես չեմ եղել։ Խոսքս Խորհրդային միության մասին է։ Երբ շարունակում եմ խորհել այս տարօրինակ համեմատության շուրջ, ինքնախոստովանում եմ, որ երկու իրարից տարբեր պետությունների միջև նմանությունների ենթագիտակցական փնտրտուքը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինձ համար ԽՍՀՄ-ը ավտորիտար պետության ամենամոտ օրինակն է, իսկ այն, ինչ ներկայումս կատարվում է մեր արևմտյան հարևանի մոտ, ոչ այլ ինչ է, քան իրական ավտորիտար վարչակարգի գործարկում՝ ամբողջ թափով։

Հետաքրքիր է, որ ես ԽՍՀՄ չեմ տեսել, այլ կարդացել եմ դրա մասին բացառապես գրքերում ու տեսել ֆիլմերում, իսկ Թուրքիան տեսել եմ իմ աչքերով ու այսօր էլ, օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, կարող եմ ի մոտո հետևել տեղում ընթացող գործընթացներին։ Արդյունքում, այն ինչ կարդում եմ իրենց բնույթով և ծագումով թուրքական ամենատարբեր աղբյուրներում, ինձ չի զարմացնում ոչ իր ձևով և ոչ էլ, առավել ևս, բովանդակությամբ։ Այդ ամենը առանց որևէ խոչնդոտի տեղավորվում է գլխումս արդեն իսկ կարծրացած «Թուրքիան ավտորիտար պետություն է» բանաձևումի մեջ, որը, ինքնին, բավական կանխատեսելի բաղադրատարրեր ունի՝ դարձյալ ծանոթ խորհրդային օրինակից։

Այսօրվա սյունակումս կառանձնացնեմ «Խորհրդային Թուրքիային» բնորոշ երկու կարևոր դրվագ։ Առաջ ընկնելով ասեմ, որ այս և հետագա սյունակներումս նշվելիք այլ գործոնները, ըստ իս, առաջիկա տարիներին միայն խորանալու են և ինչ-որ առումով սպառնալու են նաև մեզ։

«Самый гуманный суд в мире» ©

2017թ. ամռանը Մաշտոցի պողոտայով զբոսնում էինք մի թուրք լեզվաբանի հետ ու քննարկում Թուրքիայում ստեղծված իրավիճակը։ Իմ հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ, որ երկրում արդարություն հաստատվի ու ձերբակալված մտավորականները ազատ արձակվեն, թուրքը, կանխավ ներողություն խնդրելով իր պատասխանի համար, ասաց. «Երբ արդարություն ես փնտրում, էդ նույն պահին քադին (դատավոր – թուրք.) մորդ ա *** (անքաղաքավարի խոսք – տիրանում)»։ Այս պատասխանը չափազանց նկարագրողական էր՝ ներկայացնելու համար այն, թե ինչ է կատարվում մասնավորապես թուրքական դատական համակարգի հետ։ Ներկա օրենսդրությամբ դատարանները փաստացի դարձել են էլ ավելի ենթակա իշխանությանը, սակայն իրավիճակն ավելի խրթին է, քան կարելի է կարծել առաջին հայացքից։

Հունվարի սկզբին թուրքական սահմանադրական դատարանը, որը, որոշ վերապահումներով, կարելի է համարել վերջին անկախ դատական մարմինը Թուրքիայում, որոշեց ազատ արձակել ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված լրագրողներ Շահին Ալփային և Մեհմեթ Ալթանին։ Թվում էր, թե այս որոշումը ոչ միայն անբեկանելի կլինի, այլև որպես նախադեպ կծառայի մնացյալ ձերբակալված լրագրողների համար (2016թ. հուլիսյան հեղաշրջման փորձին հետևած «վհուկների որսից հետո» դրանց թիվը, համաձայն իրավապաշտպան կազմակերպությունների հրապարակած տվյալների, անցնում է 300-ը (ներկա պահին ձերբակալված են մնում 180-ը, մնացյալները կամ գտնվում են դատական գործընթացում, կամ արդարացվել են))։ Սակայն այդ որոշումը Ստամբուլի դատարանը, որտեղ քննվում էր մեղադրյալ Ալթանի գործը, անընդունելի համարեց և լրագրողը շարունակում է մնալ անազատության մեջ։ Փաստորեն, ավելի ցածր կարգավիճակ ունեցող դատարանը ավելի զորեղ գտնվեց, քան երկրի «մայր դատարանը»։ Նմանատիպ մի իրավիճակ ստեղծվեց նաև հունվարի վերջին, երբ սկզբից որոշում կայացվեց ազատ արձակել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Թաներ Քըլըչին, սակայն նույն երեկո դատախազի դիմումի հիման վրա դատարանը որոշեց պահել վերջինիս բանտում։ Դատական համակարգում ստեղծվել է յուրատեսակ քաոս, որտեղ նախկինում առկա հստակության բացակայությունը ամեն պահ կարող է սպառնալ հասարակության ցանկացած անդամի ազատությանը։ Այս առումով հետաքրքական է Թուրքիայում աշխատող մի արտասահմանյան լրագրողի մեկնաբանությունը. «Ես բախտավոր եմ, որ լավ կապեր ունեմ իրավաբանների, գիտնականների, լրագրողների, հասարակական ակտիվիստների, քաղաքական բոլոր կուսակցությունների անդամների հետ։ Ահա այն պատասխանը, որ ես ամեն օր լսում եմ նրանցից. «Ես ոչինչ չեմ անում։ Հակառակ դեպքում ես հաջորդը կլինեմ»»։

Ինքնագրության վնասները

Առանձնահատուկ հետաքրքիր է նաև այն, որ թուրքական հասարակության գերակշիռ մասը խնդիր չի տեսնում թուրքական արդարադատության համակարգում։ Ընդհակառակը, համաձայն Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի անցկացրած հետազոտության, թուրքերը սկսել են զգալիորեն ավելի շատ վստահել դատարաններին։ Եթե 2015 և 2016 թվականներին թուրքական հասարակության համապատասխանաբար 38 և 35 տոկոսն էր դրական վերաբերվում արդարադատության համակարգին, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը հասել է շուրջ 50 %-ի։

2

Կարծում եմ, որ այս ցուցանիշները շատ յուրահատուկ գործընթացի ցուցիչներն են։ Հասարակության գերակշիռ մասը, զրկված լինելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներից, գտնվում է իշխանության քարոզչության տակ։ Իրենց հերթին իշխանությունները բոլորովին այլ իրականություն են կառուցում և հրամցնում հասարակությանը, ինչի արդյունքում թուրքերը, կարծես, ապրում են երկու տարբեր երկրներում. 50%-ը հավատում է, որ Թուրքիայում ամեն բան լավ է, մյուս կեսը՝ համոզված է հակառակում։ Մամուլի անազատության պայմաններում շարքային քաղաքացու համար շատ դժվար է լինում իրադարձությունների և իրողությունների մասին ստանալ այլ տեսակետ։ Սակայն կամարտահայտության խնդիրները թե՛ սոցիալական հարցումների ժամանակ, և թե՛ առկա սակավաթիվ ընդդիմադիր մամուլում պայմանավորված են ոչ միայն տեղեկատվության բացակայությամբ, այլև առնչվում են ևս մեկ կարևոր գործոնի հետ՝ ծանոթ մեզ խորհրդային անցյալի փորձից։ Դա ինքնագրաքննությունն է։

3

Ինքնագրաքննությունը (self-censorship) մի երևույթ է, որը բնորոշ է հատկապես ավտորիտար և ամբողջատիրական (տոտալիտար) համակարգերին։ Նման իրավիճակներում ապրող անհատը (հեղինակը, լրագրողը և այլն) գրաքննության է ենթարկում իր իսկ մտքերը և խոսքը, որպեսզի խուսափի պատժից/հետապնդումից։ Ինչպես հայտնի է, խորհդային մարդը ինքնագրաքննության էր ենթարկում սեփական դիսկուրսը, և այսօր էլ մենք մասամբ ժառանգել ենք այդ ատրիբուտը։

2016 թվականից այս կողմ, երբ Թուրքիայում զանգվածային ու երբեմն նաև հախուռն ձերբակալությունները դարձան ինչ-որ առումով սովորական երևույթ, ինքնագրաքննությունը ևս դարձավ քաղաքային բնակչության կյանքի մի մասը։ Որպեսզի պատկերավոր ներկայացնեմ ներկա դրությունը, ահա ձեզ այսպիսի մի զրույց Ստամբուլի առօրյայից (իսպանացի ներգաղթյալների (էքսպատ) և թուրք երիտասարդների միջև զրույցը արձանագրել է թուրքական «Ahval» պարբերականի իսպանացի սյունակագիրը).

«-Էն օրը ես մի լավ բնակարան եմ գտել, լավ գնով, բայց Էջեն ասում է, որ ես չեմ կարող ապրել այդ շենքում, -ասում էր սեղանի մյուս կողմում նստած իսպանացի ներգաղթյալը։

-Դու չես կարող ապրել այնտեղ. այդ շենքը պատկանում է վատ մարդու, – պատասխանեց երիտասարդ թուրք կինը և մեջքով շրջվեց դեպի իր ընկերը՝ թուրքերենով ինչ-որ բան ասելու։

Երիտասարդ կանանց դիմաց նստած իսպանացի ներգաղթյալները ապշած էին։

-Դուք Գյուլենի՞ մասին եք խոսում, – հարցրեց նրանից երկրորդը։

Թուրքերը բարկացած նայեցին իսպանացիներին.

-Սսսսսս։ Դուք չպետք է բարձր արտասանեք նրա անունը, որևէ մեկը կարող է լսել, – ասաց Էջեն՝ նայելով սրճարանի զբաղեցված միակ սեղանին»։

Ինքնագրաքննության այլ դեպքեր ևս արձանագրվում են և այս հարցում չեն օգնում նույնիսկ ազատ կամարտահայտման համար համացանցի տրամադրած հնարավորությունները։ Թուրքական իշխանությունները խիստ վերահսկողություն են սահմանել նաև համացանցում՝ թրոլների և օգտատերերի մի հսկայական բանակի միջոցով հետևելով թվիթերյան և ֆեսյբուքյան անցուդարձին։ Օր. ինչպես հայտնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, Աֆրինում թուրքական ռազմական գործողության դեմ համացանցում գրառում կատարած ավելի քան 400 քաղաքացի ձերբակալվել է՝ «առցանց ահաբեկչության» մեղադրանքով։

Ստեղծված դրությունը բարդանում է նաև մեկ այլ պատճառով. իշխանությունները զուգահեռ շարունակում են երկրում պահպանել արտակարգ դրության կարգը (OHAL), որը բացարձակ ազատություն է տալիս Էրդողանին և նրա գլխավորած պետական մեքենային իրենց գործողություններում։ 2016 թվականի հուլիսի 15-ից հետո մտցված եռամսյա արտակարգ դրությունը արդեն իսկ երկարացվել է վեց անգամ։ Համաձայն շրջանառվող լուրերի, Էրդողանը նախատեսում է մինչև 2019 թվականի ընտրությունները պահպանել արտակարգ դրությունը՝ ընտրություններում ցանկալի արդյունքը առանց խոչնդոտ ստանալու համար։

Ահա այսպիսի «խորհրդային» երկիր է առաջանում մեր հարևանությամբ։

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s